Uncategorized

Սերժ Սարգսյան. Ադրբեջանի հայատյաց եւ ագրեսիվ վարքը հաստատում է համոզմունքը, որ ԼՂ-ն ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում

«Ադրբեջանի հայատյաց եւ ագրեսիվ վարքագիծը հաստատում է մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում»,- այսօր՝ հունվարի 17-ին Կիպրոսի ներկայացուցիչների պալատում իր ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:Նրա խոսքով, տոտալիտար ռեժիմի կողմից Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի հաշտվել իրեն պարտադրված կարգավիճակի հետ:

«Նրա աչքի առաջ են եղել մեկ այլ բռնակցված տարածքի՝ Նախիջեւանի հայերի ճակատագիրը, որոնք չդիմանալով Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներին, ստիպված էին լքել այն հողը, որի վրա ապրել էին հազարամյակներ: Ուստի պատահական չէր, որ խորհրդային շրջանի ողջ ընթացքում, եւ հատկապես` ազատականացման գործընթացներին զուգընթաց Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պարբերաբար բարձրացնում էր իր անկախության հարցը: Իսկ 1991թ. հաստատեց այն հանրաքվեի միջոցով, որը լիովին համապատասխանում էր Խորհրդային Միության գործող օրենսդրությանը»,- նշել է ՀՀ նախագահը:

Նրա ներկայացմամբ, Ադրբեջանը փորձեց բացահայտ էթնիկական զտումների եւ զինված ագրեսիայի միջոցով խեղդել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Չկարողանալով հաղթել իր իսկ կողմից սանձազերծած պատերազմում` Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականին ստորագրել հրադադարի եռակողմ համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ: Ցավոք, տեւական խաղաղություն հաստատելու այդ բացառիկ հնարավորությունը, որը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանային ժողովուրդների խաղաղ գոյակցության եւ զարգացման համար, Ադրբեջանի կողմից մինչեւ այսօր օգտագործվում է նոր ռազմական ագրեսիա նախապատրաստելու նպատակով:

Ակտիվ պետական հովանավորչությամբ Ադրբեջանում մոլեգնող` Հայաստանի եւ հայերի դեմ ուղղված թշնամական քարոզչությունը եւ պատմության ակնհայտ կեղծարարությունը, այդ երկրի սպառազինումն ու սպառազինությունների մրցավազքի հրահրումն ապացուցում են, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության: Բանը հասնում է նրան, որ Ադրբեջանի իմ գործընկերը հայտարարում է, թե իբր մեր երկրի մեծ մասը նվիրաբերվել է Հայաստանին Ադրբեջանի կողմից, իսկ մայրաքաղաք Երեւանը ադրբեջանական քաղաք է: Համոզված եմ, որ պատմության խեղաթյուրման այսօրինակ զավեշտի հետ առնչվել է նաեւ Կիպրոսը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական եւ ո́չ էլ բարոյական հիմքեր: Ճիշտ է, մենք վճռական ենք խնդիրը լուծել բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով, բայց եթե Ադրբեջանը դիմի արկածախնդրության, ապա մեր պատասխանը վճռական է լինելու»,- ասել է Հայաստանի ղեկավարն ու հավելել. «Ցավալին այն է, որ մեր առանց այն էլ խոցելի տարածաշրջանում որոշ երկրներ, գայթակղվելով էներգետիկ շահերով, վարում են կարճատես, օրվա շահից բխող քաղաքականություն: Դա ամենեւին չի նպաստում տարածաշրջանային կայունությանը: Ավելին, պարզ տրամաբանությունը հուշում է, որ տարածաշրջանային կայունության խախտման դեպքում առաջին հերթին վնասվելու են հենց այդ նույն տնտեսական շահերը»:

Добавить комментарий