Thursday, July 20, 2017
Uncategorized

Սերժ Սարգսյան. Հայաստանը միշտ սատարել է եղբայր կիպրացիներին եւ չի ընդունելու Կիպրոսի մասնատումը

«Հայերը երբեք չեն վարանել սատարել եղբայր կիպրացիներին, ինչու՞ չէ` նաեւ պայքարել Կիպրոսի տարածքային ամբողջականության համար» այսօր՝ հունվարի 17-ին Կիպրոսի ներկայացուցիչների պալատում իր ելույթի ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավելելով, որ թեեւ Լեռնային Ղարաբաղի եւ Կիպրոսի հակամարտությունների կարգավորման շուրջ մենք ապավինում ենք միջազգային իրավունքի տարբեր սկզբունքների, սակայն իրավունքի հիմքը արդարությունն է, եւ մենք պետք է միասնական լինենք արդարության վերականգնման մեր սկզբունքային պայքարում:

«Հայաստանը երբեք չի ընդունել եւ չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որեւէ փորձ: Մենք երբեք չենք համակերպվել եւ չենք էլ համակերպվելու մեր այս բարեկամ երկրի հյուսիսի գրավման հետ: Մենք ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստայի եւ Թուրքիայի գրաված այլ տարածքների մասին: Հիշում ենք, քանի որ չհիշել` կնշանակի հաշտվել ստեղծված իրավիճակի, այս երկրի հանդեպ գործադրված բռնության հետ: Մենք իրերն անվանում ենք իրենց իսկական անուններով, որպեսզի հանցագործությունը չկոծկվի, իսկ Կիպրոսի խնդիրն էլ գտնի իր արդարացի եւ իրավական լուծումը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա ներկայացմամբ, հայերն ու կիպրացիները ոչ միայն բարեկամներ եւ եղբայրներ են, այլեւ բնական դաշնակիցներ: «Հավատացնում եմ, որ դժվար է երկրագնդի վրա գտնել գեթ մեկ հայ, որն ամենայն անկեղծությամբ չուրախանա Կիպրոսի հաղթանակներով եւ հաջողություններով, բարեկեցությամբ, կայունությամբ, առաջընթացով եւ խաղաղությամբ»,- ընդգծել է ՀՀ նախագահն ու հավելել. «Մեր ժողովուրդների բարեկամությունն իսկապես անկեղծ է եւ ամուր: Այն դիմակայել է թե՛ ժամանակների փորձությանը, թե՛ պատմության վայրիվերումներին: Պատմությունը հաճախ դաժան փորձությունների է ենթարկել մեզ` սասանելով մեր պետականությունը եւ դահիճներին հանձնելով հազարամյա մշակույթ կրող մեր ժողովուրդներին: Մեր ազատասեր ժողովուրդները օտար լծից ազատվելու համար ընդհանուր թշնամու դեմ տեւական մաքառումների եւ անդառնալի կորուստների գնով վերականգնել են անկախ եւ խաղաղ ապրելու իրավունքը»:

Leave a Reply