Wednesday, October 18, 2017
Uncategorized

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված երեկո՝ իտալական Musica Riva միջազգային փառատոնում

Իտալական Musica Riva միջազգային փառատոնում հուլիսի 30-ին հայկական երաժշտության տոն էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրել է «Հայաստան-Իտալիա. կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» խորագրով համերգային ծրագիրը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե հանդիսատեսով լեփ-լեցուն հրապարակում հայկական երաժշտության երեկոն անցավ բուռն ծափահարությունների ուղեկցությամբ։ Երիտասարդական նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից։ Հայկական երաժշտության համերգին ներկա էին Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, Ռիվա դել Գարդայի քաղաքապետը։ Երկու ժամ տեւած համերգը ցնծության մեջ է պահել ամբողջ Ռիվա դել Գարդան։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրված է որպես Musica Riva միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Մասնակցությունը երաժշտական այդ տոնին հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Արթուր Վարժապետյանի` «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ, եւ նվագախմբի շատ այլ ընկերների աջակցության շնորհիվ:

Փառատոնի շրջանակներում երիտասարդական նվագախումբը հանդես է եկել նաեւ աշխարհահռչակ դաշնակահար Ալդո Չիկոլինիի, թավջութակահար Նատալյա Գուտմանի հետ (դիրիժոր՝ Իսահակ Կարաբչեւսկի)։ Հուլիսի 27-ին՝ նվագախումբը կատարել է Վերդիի եւ Վագների ստեղծագործությունները (դիրիժոր՝ Մարկո Բոեմի), մենակատարներ՝ Միշելա Սբուրլատ (սոպրանո), Նկոսազանա Դիմանդե (սոպրանո), Յունգ Կվանգ Լի (բարիտոն)։

Օգոստոսի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը (ջութակ), իսկ օգոստոսի 3-ին նվագախումբը կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմը», դիրիժոր՝ Իսահակ Կարաբչեւսկի, մենակատարներ՝ Նկոսազանա Դիմանդե (սոպրանո), Աննա Վիկտորովա (սոպրանո), Խաչատուր Բադալյան (տենոր), Եվգենի Ստավինսկի (բաս)։

Նշենք, որ 30-ամյա պատմություն ունեցող իտալական հեղինակավոր Musica Riva փառատոնն ամեն տարի իր տանիքի ներքո է համախմբում աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի աշխարհի նշանավոր ներկայացուցիչների աշխարհի տարբեր ծայրերից։

Leave a Reply